Մեր մասին

Ողջունում ենք ձեզ Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի պաշտոնական կայքէջում:

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեության առանցքում իր նշանակալից դերն ունի Հայաստանում ուռուցքաբանության բազմակողմանի զարգացումը:

Հաշվի առնելով մասնագիտական քննարկումների կարևորությունը, ինչպես նաև գիտելիքների փոխանակումն ու բուժման նոր մեթոդների ներկայացումը ուռուցքաբան գործընկերներին՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, տնօրեն Նարեկ Մանուկյանի նախաձեռնությամբ, 2021 թվականից որոշել է անցկացնել ամենամյա գիտագործնական միջոցառում՝ «Հայկական ուռուցքաբանական կոնգրես»:

Կոնգրեսի նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության ու ռազմավարության քննարկումը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացումը, ինչպես նաև միջազգային առաջատար մասնագետների հետ փորձի փոխանակումը:

Ամենամյա կոնգրեսին զեկույցներով հանդես են գալիս ավելի քան 50 մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: «Հայկական ուռուցքաբանական կոնգրես»-ին մասնակցում են 300-ից ավելի պատվիրակներ՝ աշխարհում ուռուցքաբանության ոլորտում առաջատար կլինիկաների բժիշկներ, ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվողներ, ուռուցքաբան-օրդինատորներ և այլն:

Կոնգրեսը ծառայում է որպես բարձր կրթական հարթակ յուրաքանչյուր երիտասարդ և անգամ կայացած մասնագետի համար: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համար առաջնային դեր ունի երկրում մասնագիտական առաջընթացը: Կարևորելով նեղ-մասնագետների շարունակական կրթությունը, ոլորտում տարբեր գիտական աշխատանքների անհրաժեշտությունը՝ «Հայկական ուռուցքաբանական կոնգրես»-ի ավարտին երեք լավագույն զեկուցողներին տրամադրվում է գիտաթոշակ։ Լավագույն զեկույցներն ընտրվում են հենց Կոնգրեսի ընթացքում՝ բոլոր մասնակիցների անանուն, օնլայն քվեարկությամբ։ Գիտաթոշակի գումարը տրամադրվում է բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով՝ բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին և թրեյնինգներին մասնակցելու և այլնի համար։

Պատմական ակնարկ

Փետրվար ամիսը համարվում է քաղցկեղի կանխարգելման ամիս: Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Հենց այս առիթով էլ «Հայկական ուռուցքաբանական կոնգրես»-ը անցկացվում է յուրաքանչյուր տարի փետրվար ամսին:

Առաջին «Հայկական ուռուցքաբանական կոնգրես»-ը տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարի 6-7-ը Ծաղկաձոր քաղաքում: Այն կրել է «Խնդիրներ, ձեռքբերումներ, զարգացման տեսլական» խորագիրը:

Երկրորդ «Հայկական ուռուցքաբանական կոնգրես»-ը անցկացվել է 2022 թվականի 3-4-ը ՌԴ Սոչի քաղաքում և կրել «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ» խորագիրը:

Երրորդ «Հայկական ուռուցքաբանական կոնգրես»-ը կանցկացվի փետրվարի 4-5-ը Երևան քաղաքում: 2023 թվականի կոնգրեսի խորագիրն է՝ «Հայկական ուռուցքաբանություն. ձեռքբերումներ և նպատակների նոր սանդղակներ»:

Երրորդ տարին անընդմեջ հնարավորություն է ընձեռնվելու ոլորտի բոլոր մասնագետներին մեկ հարկի տակ հավաքվելու, քննարկելու անցնող տարվա ձեռքբերումներն ու ուղենշելու հետագա անելիքները: Զեկույցներով հանդես կգան ուռուցքաբանության ոլորտում ճանաչված մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից: Կոնգրեսին նախատեսված է նաև արտերկրից ժամանած բարձրակարգ մասնագետների կողմից անցկացվելիք «Վարպետաց դաս» (Live surgery) ։ «Հայկական ուռուցքաբանական երրորդ կոնգրես»-ի մասնակիցներին կտրվի ՇՄԶ տեսական կրեդիտ:

Կոնգրեսի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

«Հայկական ուռուցքաբանական կոնգրես»-ի բոլոր մասնակիցներին հանձնվում են մասնակցության հավաստագրեր:

ՈՒԱԿ-ն ապահովում է ամբողջական շղթան՝ ուռուցքների նախնական ախտորոշումից մինչև համալիր բուժում, պացիենտների շարունակական հսկողություն և ամոքիչ (պալիատիվ) օգնություն։

Իրականացվում է
  • Խորհրդատվություն և հիվանդների հաշվառում
  • Ախտորոշում
  • Վիրահատական միջամտություն և բուժում
  • Քիմիաթերապիա
  • Ճառագայթային թերապիա

Հանրապետության ուռուցքային հիվանդություններ ունեցող պացիենտների 70-75 տոկոսը բուժում է ստանում ՈՒԱԿ-ում։

Կենտրոնը տարեկան ընդունում է
  • Ավելի քան 30 000 պացիենտ
  • 15 000-16 000 ամբուլատոր
  • 16 000-17 000 ստացիոնար
Տարեկան կատարվում է
  • 6 000 վիրահատություն