24/11/2026

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ 7-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԿՈՆԳՐԵՍ

Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը շարունակաբար զարգացող մասնագիտական հարթակ է, որն արդեն յոթերորդ անգամ մեկ հարկի տակ է հավաքում Հայաստանի և միջազգային ուռուցքաբանական հանրության ներկայացուցիչներին։

2027 թվականին ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ տեղական և միջազգային գործընկերների աջակցությամբ, կազմակերպում է Հայկական ուռուցքաբանական 7-րդ ամենամյա կոնգրեսը, որը տեղի կունենա 2027 թվականի փետրվարի 6–7-ը՝ Ծաղկաձորում, Eighty Eight Hotel & Spa հյուրանոցում։

Կոնգրեսը կարևոր հարթակ է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի արդի խնդիրները բարձրաձայնելու, համաշխարհային նորարարական մոտեցումները ներկայացնելու և դրանց ներդրման հնարավորությունները քննարկելու համար։

Կոնգրեսի առանցքային նպատակներն են ուռուցքաբանության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարման արդյունավետ մեխանիզմների մշակումը, միջազգային առաջավոր փորձի փոխանակումը, գիտական և կլինիկական համագործակցության զարգացումը, ինչպես նաև հայաստանյան առողջապահական համակարգում ուռուցքաբանական ծառայությունների շարունակական կատարելագործումը։

Կոնգրեսի մասնակիցները և գիտական ծրագիրը

Հայկական ուռուցքաբանական 7-րդ ամենամյա կոնգրեսը կհամախմբի տեղական և միջազգային առաջատար մասնագետների, բժիշկ-ուռուցքաբանների, հարակից մասնագիտությունների բժիշկների, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետների, առողջապահության կազմակերպիչների և ոլորտի այլ ներկայացուցիչների։

Կոնգրեսի գիտական ծրագիրը կներառի ուռուցքաբանության տարբեր ուղղություններին վերաբերող զեկույցներ, մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակման ձևաչափեր։

Զեկույցներով հանդես կգան Հայաստանի և արտերկրի ճանաչված մասնագետներ՝ ներկայացնելով ուռուցքաբանության ոլորտի ժամանակակից զարգացումները, գիտական հետազոտությունների արդյունքները, բուժման նորարարական մոտեցումներն ու կլինիկական փորձը։

Կոնգրեսին կմասնակցեն մասնագետներ Ճապոնիայից, Իտալիայից, Մալայզիայից և այլ երկրներից։

Կոնգրեսի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը։

Մասնակցության ձևաչափեր

Կոնգրեսին հնարավոր է մասնակցել երկու կարգավիճակով՝

  • Որպես պատվիրակ։
  • Որպես զեկուցող։

Գիտական ծրագրում զեկույցով հանդես գալու ցանկության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել զեկուցողի տվյալները և գիտական աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը՝ սահմանված կարգով։

Զեկույցների ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի դեկտեմբերի 14։

Մասնակցության վճարներ

Կոնգրեսին մասնակցության համար գործում են հետևյալ վճարները։

Մասնակցություն՝ կացությամբ

Կացությունը նախատեսվում է Eighty Eight կամ Elegant հյուրանոցներում։

  • Մինչև դեկտեմբերի 15-ը՝ 80.000 ՀՀ դրամ։
  • Դեկտեմբերի 15-ից մինչև 2027 թվականի հունվարի 12-ը՝ 100.000 ՀՀ դրամ։
  • Հունվարի 12-ից մինչև փետրվարի 1-ը՝ 120.000 ՀՀ դրամ։

Մասնակցություն՝ առանց կացության

  • Մինչև դեկտեմբերի 15-ը՝ 20.000 ՀՀ դրամ։
  • Դեկտեմբերի 15-ից մինչև 2027 թվականի հունվարի 12-ը՝ 30.000 ՀՀ դրամ։
  • Հունվարի 12-ից մինչև փետրվարի 1-ը՝ 40.000 ՀՀ դրամ։

Ուռուցքաբանություն մասնագիտացմամբ կլինկական օրդինատորների համար կոնգրեսի մասնակցությունը անվճար է, հարակից մասնագիտությունների կլինիկական օրդինատորների համար մասնակցության արժեքը վաղ գրանցման դեպքում 10.000 ՀՀ դրամ (կացության ծախսերը ներառված չեն):

Մասնակցության վճարը անհրաժեշտ է փոխանցել Ուռուցքաբանության զարգացման ազգային հիմնադրամի հաշվեհամարին՝ 163078400682 (ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ, Ստացող՝ Ուռուցքաբանության զարգացման ազգային հիմնադրամ) և անդորրագիրը կցել լրացվող հայտադիմումին: 

Կոնգրեսի մասնակցության, գիտական ծրագրի, զեկույցների ներկայացման և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել +37491809906 հեռախոսահամարով կամ գրել էլ. հասցեին՝ ncocongresarm@gmail.com։