«Գիտամարտ» Հայկական ուռուցքաբանական Կոնգրեսի Ժամանակ
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ, բ․գ․թ․ Կարեն Ծառուկյանը և «Աստղիկ» բժշկական կենտրոնի բուժգծով տեղակալ, Ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, բ․գ․թ․ Արմեն Ավոյանը «մարտի բռնվեցին» Հայկական ուռուցքաբանական II կոնգրեսի ժամանակ։
Սա հետաքրքիր և կարևոր ֆորմատ է բժշկագիտության համար․ միզապարկի ինվազիվ քաղցկեղի բուժման վերաբերյալ երկու մասնագետները ներկայացրեցին միանգամայն տարբեր տեսակետներ, բերելով իրենց հիմնավորումները։ Քննարկվող հիմնական հարցն էր՝ միզապարկի հեռացո՞ւմ, թե՞՝ պահպանում։ Արդյունքում հաղթեցին նրանց բժշկական նույնանման մոտեցումները և «բուժել հիվանդին, այլ ոչ թե հիվանդությունը» գաղափարը:
Հայկական ուռուցքաբանական II կոնգրեսը տեղի ունեցավ փետրվարի 3-4-ը ՌԴ Սոչի քաղաքում։ Կոնգրեսին մասնակցել են 200-ից ավելի պատվիրակներ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից՝ ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանի բժշկական կենտրոնների տնօրեններ, առողջապահության կազմակերպիչներ, անվանի և երիտասարդ մասնագետներ։ Ներկայացվել է քաղցկեղի բուժման ու կանխարգելման հարցերին նվիրված մոտ 60 զեկույց։ Կոնգրեսի խորագիրն էր՝ «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ»։
Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը ամենամյա է, տեղի է ունենում փետրվարի սկզբին, քանի որ փետրվարի 4-ը նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Կազմակերպիչն է ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը։