09/02/2026

Ուղիղ հեռարձակմամբ վիրահատություններ և զեկույցներ. ավարտվեց Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրեսը

Կոնգրեսի վերջին օրը նշանավորվեց բացառիկ գիտագործնական հագեցվածությամբ և բարձր մասնագիտական հետաքրքրությամբ։ Օրվա ընթացքում իրականացվեցին երեք բացառիկ և բարդ վիրահատություններ, որոնք ուղիղ հեռարձակմամբ ներկայացվեցին մասնակիցներին՝ դառնալով ակտիվ մասնագիտական քննարկումների առանցք։

Իրականացվեցին հետևյալ վիրահատությունները․

– Թորակոտոմիա ձախից, վերին լոբէկտոմիա՝ կոմբինացված թոքային զարկերակացողունի եզրային մասնահատմամբ և միջնորմային լիմֆոդիսեկցիայով

– Լապարասկոպիկ հետորովայնամզային լիմֆոդիսեկցիա

– Լապարասկոպիկ ռադիկալ պրոստատէկտոմիա

Վիրահատություններից հետո դահլիճում ծավալվեց ակտիվ քննարկում․ մասնակիցները ուղղեցին բազմաթիվ մասնագիտական հարցեր վիրահատող բժիշկներին։ Վիրահատությունները իրականացրել էին արտերկրից ժամանած անվանի վիրաբույժներ, որոնց փորձն ու մոտեցումները մեծ հետաքրքրություն առաջացրին ներկաների շրջանում։

Օրվա երկրորդ հատվածում գիտական զեկույցները շարունակվեցին մի շարք կարևոր ուղղություններով՝

– Հեպատիկ և պանկրեատիկ ուռուցքաբանություն

– Գլխի և պարանոցի վիրաբուժություն

– Կլինիկական ուռուցքաբանություն

– Գաստրոինտեստինալ օնկովիրաբուժություն

– Օնկոգինեկոլոգիա

– Ճառագայթային ուռուցքաբանություն

Զեկույցները ներառում էին ինչպես արդի գիտական տվյալներ, այնպես էլ կլինիկական փորձի ներկայացում, ինչը նպաստեց բազմակողմանի մասնագիտական քննարկումների ձևավորմանը։

Կոնգրեսի հիմնական նպատակը ուռուցքաբանական տարբեր ուղղությունների մասնագետների միջև գիտելիքի փոխանակումն էր, ժամանակակից մոտեցումների ներկայացումն ու միջազգային համագործակցության խթանումը։ Այս տարի կոնգրեսը համախմբեց շուրջ 400 մասնակից՝ Հայաստանից և արտերկրից։

Մեզ հետ էին զեկուցողներ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց կոնգրեսի միջազգային նշանակությունն ու բարձր հեղինակությունը։ Կոնգրեսի աշխարհագրությունը լայն է, իսկ համագործակցությունների շրջանակը՝ ընդլայնվող, ինչը կարևոր հիմք է ապագա համատեղ ծրագրերի և գիտական նախաձեռնությունների համար։

Երկրորդ օրվա լուսանկարները՝ https://shorturl.at/uEtSC

Այլ նորություններ

Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրեսի առաջին օրը. լուսանկարներ

Կարդալ ավելին

ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի ելույթը «Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրեսի» բացման արարողութ...

Կարդալ ավելին

Մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրեսը

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը