«Կանխարգելե՛նք քաղցկեղը. նվազեցնե՛նք թվերը» խորագրով սոցիալական հոլովակի մրցույթ
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, կարևորելով հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացումն ու հիվանդության վաղ ախտորոշման նշանակությունը, Հայկական ուռուցքաբանական IV կոնգրեսի շրջանակներում հայտարարում է սոցիալական հոլովակի պատրաստման և ներկայացման մրցույթ։
Մրցույթն անցկացվելու է «Կանխարգելե՛նք քաղցկեղը. նվազեցնե՛նք թվերը» խորագրի ներքո, որի նպատակն է քաղցկեղի՝ վաղ փուլում հայտնաբերման կարևորության շեշտադրումը` որպես արդյունավետ բուժման և կյանքի որակի բարելավման նշանակալի գործոն:
Սոցիալական հոլովակը պետք է լինի՝
1. մինչև 1 րոպե տևողությամբ,
2. HD որակով,
3. նկարահանումները և մոնտաժը կարող են արվել ինչպես պրոֆեսիոնալ տեխնիակավ, այնպես էլ՝ սիրողական (կարող է արվել հեռախոսով),
4. հոլովակը պետք է ունենա հնչունավորում (կարող է լինել երաժշտություն, խոսնակի ձայն, ենթաձայներ կամ բոլորը միասին),
5. լեզուն՝ հայերեն (կարող են կիրառվել ենթագրեր, այդ թվում` ռուսերեն և անգլերեն),
6. հերոսով/ առանց հերոսի,
7.կարող է լինել իրական պատմություն/կարող է լինել մտացածին։
Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են երկու փուլով.
Առաջին փուլում ընտրությունը կկատարի մասնագիտական ժյուրին։ Վերջինս ընտրություն կատարելիս ուշադրություն է դարձնելու տեխնիկական պահանջների բավարարմանը, պատմության/սյուժեի զարգացմանը, սցենարին, մրցույթի՝ խորագրին համապատասխանությանը, ինչպես նաև բժշկական տեսանկյունից հոլովակի գրագիտությանը։
Մրցույթի երկրորդ փուլն անցկացվելու է 2024 թվականի փետրվարի 2-5-ը կայանալիք Հայկական ուռուցքաբանական IV կոնգրեսի ընթացքում: Առաջին փուլն անցած հոլովակները ներկայացվելու են Կոնգրեսի մասնակիցների դատին, որոնք տեղում` օնլայն քվեարկությամբ կորոշեն հաղթողին:
Նախատեսվում է երկու մրցանակ.
1-ին հորիզոնականում հայտնված հոլովակի համար հեղինակին կտրվի 1 մլն ՀՀ դրամ,
2-րդ տեղի համար կտրվի խրախուսական մրցանակ`500 հազար ՀՀ դրամ։
Հաղթող ճանաչված հոլովակները հետագայում նախատեսվում է եթեր հեռարձակել նաև հեռուստատեսությամբ։
Մրցույթին դիմելու համար հարկավոր է լրացնել դիմում-հայտն այստեղ` նշելով անուն, ազգանուն, էլ.հասցե, հեռախոսահամար և յութուբյան ալիքում ներբեռնված հոլովակի հղումը:
Կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ ֆիլմ արտադրող ընկերություններ:
Հայտերը կարող եք ներկայացնել մինչև 2024 թվականի հունվարի 14-ը ներառյալ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հաղթող ճանաչված երկու հոլովակների հեղինակային իրավունքը հետագայում պատկանելու է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնին:
Մանրամասների և/կամ հարցերի դեպքում կարող եք զանգել 091066769 կամ 093 306 903 հեռախոսահամարներով կամ գրել nco.congress@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Հ.Գ. Այս մրցույթը կրում է բացառապես սոցիալական/ տեղեկատվական բնույթ: Քաղցկեղի վաղ ախտորոշումն ու կանխարգելումը հնարավորություն են տալիս փրկելու հազարավոր կյանքեր։
Մենք համոզված ենք՝ քաղցկեղը դատավճիռ չէ: